ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան

Արա ԱԼՈՅԱՆ. Նախկինի անապագա ներկան
17.01.2013 | 19:07

Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքները, բարեբախտաբար, տարբեր են երիտասարդ թոշակառու չդառնալու պայմաններից:
Որքան էլ ինքն ու իր մերձավոր շրջապատը փորձեն «նամբըր ուանի»` «մարտիկի» սինդրոմով (տես` воин) թրախաղացություն անել, ակնհայտ է, որ նրա մոնումենտալ, ասութասեղմ ու բարձրագոչ (որպես կանոն` քամահրական ու խտրական) մտքերըն ու, առավել ևս, գործողությունները շարունակաբար ոչ թե բովանդակազրկում են պատերազմ շահած մարդու իրապես գնահատելի բարի համբավը, այլ նպաստում են նրա անձի վերաբերյալ վարանոտ ենթադրությունների նյութականացմանը:
Հայաստանաղեկավարման առաջին շրջանում նրա մտքերն ընկալվեցին որպես մեր ժողովրդի տառապած ու հաղթանակած հատվածի քաղաքական գործչի` ինչ-որ առումով ներելի մեծամտություն`ի ցույց արտաքին ու հատկապես թուրք-ազերիական տանդեմ-լսարանի:
Խմեց, ասացինք`անուշ: Ասացինք քրիստոնեաբար ու եղբայրաբար, առանց խտրականության:
Հետո հերթը հասավ Հայաստանում «տղամարդու» սղության, չէ, ինչ եմ ասում, իրենից հետո բացարձակ չգոյության` քոչարյանադրույթ վարկածին: Ասացինք, տողատակով է խոսում, ընդհանրացնում է, հասցեատերը հայտնի է:
Ասացինք`անուշ, խմող մարդը մի քիչ էլ թարս է խոսում:
Իսկ հետո հայտնի է այն, ինչ հայտնի է` 99-ի և 2008-ի օրացույցերի արնաերիզ օրերի մասով:
Իսկ հետ Լռություն եղավ:
Լռեց, ասացինք` մարդ է, խմելուց ու կենացաճառությունից հետո հանգստի իրավունք ունի: Ոմանք էլ չներեցին սեղանապետի, կառավարչի բացակայությունը, փորձեցին քնահարամ անել ու բերել հերթական կենացին:
Նա էլ եկավ ու իր կիսատ երազից «թարազու չգալով» (ազնիվ խոսք, իր բառն է, իրենից եմ սովորել), ասաց. «Ուր էլ լինես, իմ բարեկամ, դու նրա հետ ընկերացիր»: Ասաց, մենք էլ ձայնեցինք` անուշ լինի, ի՞նչ վատ բան կա էթնիկ-եղբայրական համերաշխության մեջ, դրա հատվածական ամրակայումը, ի վերջո, հանգեցնելու է օրգանիզմի ամբողջական առողջացման ու դիմադրողականության բարձրացման:
Բայց հարցն այստեղ ղարաբաղցի-հայաստանցի շահարկումները չեն, որովհետև ամենակարևորը կամ պարզապես կարևորը դա չէ:
Հարցն այն է, որ Նա այդպես էլ գլխի չընկավ`թամադայի կենացը սեղանակիցներն են առաջարկում:

Դիտվել է՝ 2523

Մեկնաբանություններ